Քրիստինե Մանգասարյան. Հայաստանում թեքբոլով զբաղվող միակ կին խաղացողը
2013/14 մրցաշրջանի Հայաստանի լավագույն կին ֆուտբոլիստ Քրիստինե Մանգասարյանը, որը երկար տարիներ եղել է կանանց հավաքականի առաջատարներից մեկը, մեր երկրի մարզական պատիվը պաշտպանում է նաև Եվրոպական ամառային երրորդ խաղերում՝ հանդես գալով թեքբոլի թիմում:
Ռաֆայել Վարդանյանի հետ այսօր հանդես գալով թիմային միքսում՝ Քրիստինեն հաղթահարել է խմբային փուլի արգելքը՝ դուրս գալով քառորդ եզրափակիչ: 32-ամյա մարզուհին ավելի վաղ իր ուժերն է փորձել նաև կանանց մենախաղում: Ասում է՝ թեքբոլն ավելի շատ հիմնված է տեխնիկական հմտությունների վրա, ինչն ամենագրավիչն է իր համար:
«Դեռ ֆուտբոլից չեմ հրաժարվել, ու կարծում եմ՝ չեմ էլ հրաժարվի, բայց քանի որ ֆուտբոլիստի կարիերաս ավարտել եմ, թեքբոլը շատ հարմար է ինձ համար, քանի որ ավելի շատ հիմնված է տեխնիկականի վրա, ու այդ առումով ես ինձ շատ լավ եմ զգում»,- ArmSport-ի հետ զրույցում խոստովանում է Քրիստինե Մանգասարյանը, որն այժմ էլ աշխատում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում՝ որպես կանանց ազգային թիմի, Մ17 և Մ19 տարեկանների հավաքականների սպորտային պատասխանատու:
Ի դեպ, Քրիստինեի խոսքով՝ ինքը Հայաստանում թեքբոլով զբաղվող միակ կին խաղացողն է. «Թեքբոլը բավական նոր ու միևնույն ժամանակ բարդ մարզաձև է, Հայաստանում էլ դեռ այնքան զարգացած չէ: Հուսով եմ՝ ավելի մեծ ուժեր կներդնենք այս մարզաձևում, քանի որ առաջ գնալու հնարավորությունը շատ են, եթե լուրջ տրամադրվես: Սա մեր առաջին քայլն էր»:
Անդրադառնալով թիմային միքսում իրենց ելույթին՝ Քրիստինեն այն լավ արդյունք է համարում:
«Շատ ուրախ եմ, ու շատ լավ արդյունք եմ համարում քառորդ եզրափակիչ դուրս գալը: Մրցակցում էինք շատ ուժեղ խաղացողների հետ, որոնք ներկայացնում էին թոփ երկրները: Սա մեզ համար մեծ փորձ էր: Առաջին անգամ եմ այսպիսի խաղերի մասնակցում, որտեղ տարբեր մարզաձևերից հանդիպում ենք տարբեր մարզիկների հետ, իմանում ենք, թե տարբեր երկրներում ինչ աշխատանքներ են տարվում այս կամ այն մարզաձևի զարգացման համար: Շատ մեծ փորձ էր: Շատ ընկերներ եմ ձեռք բերել: Ամեն ինչ հիանալի էր»: