Միրզոյանն Իրանի նախագահին է ներկայացրել նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները
Հուլիսի 24-ին Թեհրանում Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսին ընդունել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին: Այս մասին հայտնել է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։
Հանդիպման մասին ավելի վաղ հաղորդել էր իրանական IRNA գործակալությունը՝ հղում անելով Ռաիսիի գլխավոր քաղաքական խորհրդական Մոհամմադ Ջամշիդի տարածած տեղեկատվությանը։
Ըստ հայկական կողմի՝ գոհունակությամբ արձանագրվել է, որ «երկու բարեկամ և հարևան երկրների միջև ձևավորվել է բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն՝ հիմնված փոխադարձ հարգանքի և երկու ժողովուրդների հազարամյա եղբայրության վրա»:
«Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-իրանական բազմաոլորտ համագործակցությանն առնչվող հարցեր: Մտքեր են փոխանակվել երկկողմ հավակնոտ օրակարգը կյանքի կոչելու, բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքի շուրջ: Այս համատեքստում մասնավորապես ընդգծվել է երկու երկրների միջև առևտրատնտեսական, էներգետիկ և տրանսպորտային ոլորտներում ընթացիկ ու նախանշված համատեղ նախագծերի իրականացման կարևորությունը:
Ի շարունակություն ԱԳ նախարարների մակարդակով նույն օրը կայացած քննարկման, Արարատ Միրզոյանի և Էբրահիմ Ռայիսիի ուշադրության կենտրոնում ևս եղել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցերը: Նախարար Միրզոյանը Իրանի նախագահին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները, ինչպես նաև վերահաստատել Հարավային Կովկասում տևական խաղաղության հաստատման վերաբերյալ հայկական կողմի տեսլականը: Ընդգծվել է ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման միջոցով խնդիրների լուծման, առավելապաշտական և թշնամական հռետորաբանության բացառման անհրաժեշտությունը:
Անդրադառնալով Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում սրվող հումանիտար ճգնաժամին՝ Արարատ Միրզոյանը շեշտել է արգելափակման անհապաղ վերացման և Ադրբեջանի կողմից ԼՂ բնակչության էթնիկ զտումը կանխելու հրամայականը»,- ասված է հաղորդագրության մեջ: