Աստրախանում թմրամիջոցներից զանգվածային թունավորման դեպք է արձանագրվել․ մահացել է երեք մարդ
ՌԴ Աստրախան քաղաքում թմրամիջոցներից զանգվածային թունավորման դեպք է արձանագրվել։ Ինչպես ՏԱՍՍ գործակալությանն են հայտնել իրավապահ մարմիններից, նախնական տվյալներով՝ մեթադոն տեսակի թմրանյութից թունավորման հետևանքով մահացել է երեք մարդ։
Ավելի վաղ ՌԴ առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ նոյեմբերի 17-20-ն ընկած ժամանակահատվածում Աստրախանի Կիրովի անվան թիվ 3 քաղաքային կլինիկական հիվանդանոց է տեղափոխվել 19 հիվանդ, որոնցից 11-ի վիճակը գնահատվել է միջին ծանրության, 6-ինը՝ ծանր, իսկ երկուսն ավելի ուշ դուրս են գրվել։
ՌԴ ՆԳՆ-ն ավելի ուշ հայտնել է, որ ընդհանուր առմամբ թմրանյութերից թունավորվել է 20 մարդ։ Թմրամիջոցների ապօրինի շրջանառության կասկածանքով ձերբակալվել է Ղրղզստանի, Ուզբեկստանի և Տաջիկստանի երեք քաղաքացի, որոնցից երկուսը խոստովանել են, որ զբաղվել են թմրանյութերի վաճառքով։
Գործակալության հետ զրույցում իրավապահները նշել են, որ թունավորվածները կարող էին կարծել, թե մեֆեդրոն տեսակի թմրամիջոց են օգտագործում, ուստի սխալ դոզավորմամբ են այն ընդունել։
Դեպքի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ։