Թիմ Քուքը կլքի Apple-ի գործադիր տնօրենի պաշտոնը
Թիմ Քուքը կլքի Apple-ի գործադիր տնօրենի պաշտոնը, իսկ Ջոն Տերնուսը կղեկավարի ընկերությունը 2026 թվականի սեպտեմբերի 1-ից։
Քուքը կդառնա տնօրենների խորհրդի գործադիր նախագահ։
50-ամյա Տերնուսի նշանակումը, որը ներկայումս զբաղեցնում է սարքավորումների ճարտարագիտության ավագ փոխնախագահի պաշտոնը, միաձայն հաստատվել է տնօրենների խորհրդի կողմից, հայտարարել է Apple-ը։ Նա կմիանա խորհրդին 2026 թվականի սեպտեմբերի 1-ից։
Ըստ Քուքի՝ Տերնուսը «տեսլական ունեցող ինժեների մտքով, նորարարի հոգով եւ առաջնորդի սրտով է, ով գնահատում է ազնվությունն ու պատիվը»։ Քուքը կշարունակի օգնել կորպորատիվ մի շարք հարցերում, այդ թվում՝ աշխարհի տարբեր կառավարական գործակալությունների հետ փոխգործակցությունը, բայց արդեն նոր դերում։
Քուքը միացել է Apple-ին 1998 թվականին։ 2011 թվականին նա դարձել է գործադիր տնօրեն եւ վերահսկել է Apple Watch-ի, AirPods-ի, Apple Vision Pro ականջակալների թողարկումը, ինչպես նաեւ iCloud, Apple Pay, Apple TV եւ Apple Music ծառայությունների մեկնարկը։ Նրա ղեկավարության ներքո Apple-ի շուկայական կապիտալիզացիան 350 միլիարդ դոլարից աճել է մինչեւ 4 տրիլիոն դոլար, եկամուտը 2011 թվականի ֆինանսական տարվա 108 միլիարդ դոլարից աճել է մինչեւ 416 միլիարդ դոլար 2025 թվականին եւ Apple-ը սկսել է օգտագործել իր սեփական Apple Silicon չիպերը իր արտադրանքում։
Թերնուսը միացել է ընկերությանը 2001 թվականին՝ արտադրանքի դիզայնի բաժնում, նախկինում աշխատելով որպես մեխանիկական ինժեներ Virtual Research Systems-ում։ 2013 թվականին նա դարձել է սարքավորումների ճարտարագիտության փոխնախագահ, իսկ 2021 թվականին՝ ավագ փոխնախագահ։
Apple-ը նշել է նրա ներդրումը նոր արտադրանքի գծերի մշակման գործում, ինչպիսիք են iPad-ը եւ AirPods-ը, ինչպես նաեւ iPhone-ի, Mac-ի եւ Apple Watch-ի նոր սերունդները, այդ թվում՝ ընկերության ամենամատչելի նոութբուքը՝ MacBook Neo-ն եւ ամենանուրբ iPhone Air սմարթֆոնը։